
Լույսի ռազմիկը երբեք չի փոխում իր որոշումները:
Մինչև բուն գործողություններին անցնելը նա երկար խորհում է. գնահատում սեփական պատրաստվածության աստիճանը, պատասխանատվության չափն ու իր ուսուցչի նկատմամբ ունեցած պարտականությունը: Աշխատելով պահպանել հոգեկան հավասարակշռություն` նա մանրազնին քննում է ամեն մի քայլը այնպես, կարծես դրանից է կախված ամեն ինչ:Բայց այն պահին, երբ որոշումն արդեն կայեցված է, ռազմիկը շարժվում է առաջ առանց ետ նայելու: Նա այլևս չի կասկածում իր որոշման ճշմարտացիության մեջ, և անգամ այն ժամանակ, երբ հանգամանքները այնպես չեն դասավորվում, ինչպես ինքն էր նախատեսել, ռազմիկը իր ընտրած ուղուց երբեք չի շեղվում:Եվ եթե նրա որոշումը ճիշտ էր, ապա նա հաղթանակ է տանում մարտում, թեկուզև վերջինս տևի նախատեսվածից ավելի երկար: Իսկ եթե որոշումը սխալ էր, ապա նա կպարտվի և ստիպված կլինի սկսել ամենը սկզբից, բայց արդեն զինված դառը փորձով:Լույսի ռազմիկը մեկ անգամ սկսելով գնում է մինչև վերջ:
Ընկերները հարցնում են նրան, թե որտեղից է նա էներգիա ստանում:
“Անտեսանելի հակառակորդից”,- պատասխանում է նա:
Այս ժամանակ ընկերները հարցնում են նրան, այդ դեպքում ով է նա:
“Նա, ում անհնար է հաղթել”,- պատասխանում է ռազմիկը:
Դա կարող է լինել իր հասակակիցը, ով երբևէ մանկական կռվում հաղթեց իրեն, այն աղջնակը, ով տասնմեկ տարեկանում ասաց, որ նա իր դուրը չի գալիս, ուսուցիչը, ով նրան հիմար անվանեց: Հոգնելով և կորցնելով ուժերը` ռազմիկը հիշում է, որ այդ անտեսանելի հակառակորդը դեռևս չի տեսել իր քաջությունը:Ոչ, նա չի մտածում վրեժի մասին, քանզի անտեսանելի հակառակորդը այլևս իր կյանքի մասը չէ: Նա միայն մտածում է այն բանի մասին, թե ինչպես հասնել կատարելության, որպեսզի իր հաջողությունների մասին բամբասանքը տարածվի ողջ աշխարհով մեկ և հասնի այն մարդուն, ով վաղ անցյալում նրան ցավ է պատճառել:
Այս երեկվա ցավը ուժի աղբյուր է լույսի ռազմիկի համար: