Սյուրռեալիզմի առաջնորդները` Մաքս Էռնստը, Անդրե Բրետոնը, Անդրե Մասոնը, Լուի Բունյուել, Սալվադոր Դալին արդեն ուսանողական տարիներից ոգեշնչված կարդում էին Զ. Ֆրոյդի աշխատությունները: Նոր ժամանակների հոգեբանությունն ապացուցում էր, որ հոգեկանի անգիտակցական մակարդակը ակտիվ է, և հենց նա է պայմանավորում մարդկային վարքը, ստեղծագործական գործունեությունը: Այն զարգանում է այնպիսի օրեքներով, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն բարոյականության, բանականության և հավերժական արժեքների հետ: Սա զուտ փիլիսոփայական մոտեցում չէր, այլ մի ուղղություն, որը ձգտում էր գիտականորեն ապացուցել իր կողմից առաջ քաշած վարկածները: Այն պնդում էր, որ մարդկային անգիտակցականը ինչ-որ երկրորդական բան չէ, որը երբեմն արտահայտվում է մեր երազներում, սխալ գործողությունների և երևակայության մեջ:
Սյուրռեալիստները համոզված էին, որ անգիտակցականը մարմնավորում է այն բարձրագույն ճշմարտությունը, որը պիտի հաստատվի երկրի վրա: Իրենց հավաքները նրանք անվանում էին sommeils , ինչը տվյալ դեպքում նշանակում է երազներ հարթմնի: Իրենց sommeils –ի ժամանակ նրանք խաղեր էին խաղում, որոնցից էր բուրիմե-ն, երբ հաջորդաբար բառեր էին գրում, առանց միմյանց տեղյակ պահելու և արդյունքում ստանում էին ինչ-որ արտահայտություն: |1925 թ-ին նրանք ստացան հետևյալ արտահայտությունը “նրբաբարո դիակը կըմբոշխնի երիտասարդ արյունը”: Այս խաղերի միջոցով նրանք փորձում էին այնպես մարզել իրենց, որպեսզի խզեն գիտակցական ու տրամաբանական կապերը և անդունդից հանեն խորը, քաոտիկ, անգիտակցական ուժերը:
Անդրե Մասսոնը կիրառում էր այլ մեթոդ. նա կտավի վրա հաջորդաբար նետում էր ներկեր, ավազ, սոսինձ և ստանում զարմանահրաշ պատկերներ (դրիփփինգ) : Նա հավատում էր, որ արդյունքը որոշում է ոչ թե գիտակցությունը, այլ անգիտակցական շարժումներն ու դրանց ուժը: Այս տեխնիկան շատ կիրառվում էր աբստրակտ էքսպրեսիոնիստների կողմից, հատկապես ` Ջ. Պոլոքի:
Իսկ Ս. Դալին նկարում էր անմիջապես քնից արթնանալուց հետո, որպեսզի չկորցնի կապն անգիտակցականի հետ: Նրա համար Զ. Ֆրոյդի հեղինակությունը ամենից վեր էր: Ֆրոյդի հեղինակությունը մեծ ազդեցություն է թողել սյուրռեալիստների գործունեության ոճի վրա և նպաստել է նրանց ուսմունքի վերելքին և հաջողությանը:
Սյուրռեալիստների հայեցակարգերը իրենց հերթին մեծ աջակցություն էին ստանում հոգեվերլուծության կողմից: Անհրան էր չնկատել, որ նրանց “պատահական” տեխնիկաները, որոնցից էր “նրբաբարո դիակը կըմբոշխնի երիտասարդ արյունը” կամ “դրիփփինգը” համապատասխանում էին ֆրոյդյան “ազատ զուգորդությունների” մեթոդին, որն օգտագործվում է հոգեվերլուծողների կողմից անգիտակցականի ուսումնասիրման համար:
Հենվելով Զ. Ֆրոյդի տեսության վրա` սյուրռեալիզմը հնարավորություն ստացավ պնդել, որ այն անհիմն երևակայության արդյունք չէ, այլ արվեստի, մարդու , պատմության հասկացման մեջ մի նոր խոսք: Դա այնքան ամուր հենարան էր, որ զարմանալի չէ, թե ինչու սյուրռեալիզմն ունեցավ այդքան մեծ ազդեցություն և տարածում մինչև 20 -րդ դարի կեսերը:
"նրբաբարո դիակը կըմբոշխնի երիտասարդ արյունը"...
ReplyDeleteու~~~~խ :))))